Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցել է «Ֆիորենտինայի» հետ ու 3-2 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է շարք վերադարձած Զլատան Իբրահիմովիչը, 17-րդ րոպեին տանտերերը խփել են պատասխան գնդակը. Էրիկ Պուլգարն է դարձել գոլի հեղինակ: Առաջին կեսում այլևս գոլեր չեն խփվել, իսկ ահա երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Ֆրանկ Ռիբերին գրավել է միլանցիների դարպասն ու առաջ մղել իր թիմին: Այդուհանդերձ, «Միլանը» ևս երկու գոլ է խփել մինչև հանդիպման ավարտն ու հաղթանակ տարել. նախ Բրահիմ Դիասը հավասարեցրել է հաշիվը,ապա Հաքան Չալհանօղլուն խփել է հաղթական գնդակը:
Այս հաղթանակի շնորհիվ «Միլանն» իր միավորների թիվը հասցրել է 59-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնել՝ առաջատար «Ինտերին» զիջելով 7 միավորով: «Ինտերը», սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Ֆիորենտինան» 28 խաղից հետո 29 միավոր ունի իր ակտիվում ու գտնվում է 14-րդ տեղում: