«Միլանի» խաղացողներ Զլատան Իբրահիմովիչն ու Իսմաել Բենասերը կարող են մասնակցել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ ՄՅՈՒ-ի դեմ պատասխան խաղին։ Այս մասին հաղորդել է թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։
«Բենասերն ու Իբրան հայտացուցակում են, նրանք կարող են խաղալ։ Ուրախ եմ, որ նրանք վերականգնվել են վնասվածքներից։ Զլատանի վերադարձն ահռելի նշանակություն ունի։ Նա դեռ պատրաստ չէ խաղադաշտում 90 րոպե անցկացնել, վերջնական որոշումը վաղը կկայացնենք։
Պետք է սպասել հասկանալու համար՝ ինչպես են դասավորվում մյուս խաղացողների հետ գործերը։ Վաղը առավոտյան նախատեսված մարզումն առանցքային կլինի Ռոմանյոլիի, Ռեբիչի, Կալաբրիի ու Լեաուի համար։
Ընտրությունս որքան լայն լինի, այդքան լավ, մանավանդ, որ այսքան շատ խաղեր ենք անցկացնում»,-Պիոլիի խոսքերն է փոխանցում «Միլանի» կայքը։
«Միլանն» ու ՄՅՈՒ-ն կխաղան մարտի 18-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին է։