«Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում այսօր հյուրընկալվելու է «Ատալանտային»։ «Արքայական» ակումբը Բերգամո է մեկնել առանց հիմնական կազմի մի շարք խաղացողների։ Վերջինը շարքից դուրս մնաց Կարիմ Բենզեման, որը մկանային անհարմարություններ ունի։
Marca-ն գրում է, որ ֆրանսիացի մասնագետը մտադիր է այսօր Կարիմ Բենզեմայի փոխարեն դաշտ դուրս բերել կիսապաշտպան Իսկոյին, որը կխաղա որպես «կեղծ 9 համար»։ Այս քայլով ֆրանսիացի մասնագետը դաշտում մի քանի խնդիր է պատրաստվում լուծել։ Իսկոն լավ է գնդակ պահում, կարողանում է վերահսկել խաղը, ինչը կնպաստի, որ «Ռեալն» ավելի շատ լինի գնդակով։
Այս քայլը կարող է անակնկալ լինել մրցակցի համար։ Իսկոյին «կեղծ 9 համարի» դիրքում խաղացնելով՝ Զիդանը կարող է ավելի մեծ ազատություն տալ եզրերում խաղացող ֆուտբոլիստներին, քանի որ Իսկոն անհրաժեշտության դեպքում կարող է տեղափոխվել եզրեր։