Հունվարի 21-ից սկսած անգլիական Պրեմիեր-լիգայի հանդիպումներն այլևս հնարավոր չի լինի դիտել Հ2 հեռուստաընկերությամբ՝ սովորական ալեհավաքով:
Հեռուստաընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Հայկական երկրորդի հաղորդումները, այդ թվում անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումները, հունվարի 21-ից սկսած կարող եք դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը:
Հիշեցնենք՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից, հետևաբար հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինի դիտել Հ2-ի հաղորդումները:
Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ այս որոշումը ոչ իրավաչափ և խտրական է համարում և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար: