Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանը, որը մարտին դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, կարող է ավարտին հասցվել «Չորսի եզրափակիչ» ձևաչափով։ Այս մասին հաղորդում է Goal Italia-ն։
Պարբերականի տեղեկություններով ՝ քննարկվում է ՉԼ-ի վճռորոշ փուլը՝ երկու կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումները Գերմանիայում անցկացնելու տարբերակը։ Դա պայմանավորված է նրանով, որ Գերմանիան Եվրոպայի թոփ-5 առաջնություններից ամենաառաջինը կարողացավ դուրս բերել ֆուտբոլը կարանտինից և վերսկսել իր առաջնությունը։ Այնպես որ երկրի ենթակառուցվածքներն առավել պատրաստված են, որպեսզի ընդունեն ամենահեղինակավոր եվրագավաթների վճռորոշ հանդիպումները։
Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման նախնական վայրը Ստամբուլն էր, բայց Թուրքիան չի կարող առողջապահական տեսանկյունից երաշխիքներ տալ։
ՈՒԵՖԱ-ն պլանավորում է ՉԼ-ն ավարտել օգոստոսի 31-ին։ 1/8 եզրափակչի մնացած խաղերը պետք է անցկացվեն օգոստոսի 7-8-ին, իսկ 1/4 եզրափակչինը օգոստոսի 13-14-ին չեզոք մարզադաշտերում ու մեկ խաղի ձևաչափով։
Նշվում է, որ շատ ակումբներ ցանկություն կհայտնեն, որ քառորդ եզրափակչի խաղերը ևս Գերմանիայի մարզադաշտերում անցնեն։
«Չորսի եզրափակիչ» ձևաչափն օգտագործվում է այլ մարզաձևերում, օրինակ, բասկետբոլում ու հանդբոլում։ Դրա միտքը որոշիչ փուլերը օլիմպիական սիստեմով 4 թիմերի մասնակցությամբ ու մեկ խաղի ձևաչափով անցկացումն է մի քանի օր առաջ նախապես որոշված քաղաքում։