Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի առանձնատունը, որը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաքի էլիտար Լա Մորալեխա թաղամասում, ենթարկվել է կողոպուտի։ Այս մասին հայտնում է իսպանական El Mundo պարբերականը։
Հանցագործությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, երբ 28-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը թիմի հետ գտնվում էր Բարսելոնայում՝ մասնակցելու Լա Լիգայի շրջանակում կայացած «Էլ Կլասիկոյին»։ Առնվազն երկու չարագործ առանձնատուն են ներխուժել երրորդ հարկի լոգարանի պատուհանից և թանկարժեք իրերը դուրս բերել ֆուտբոլիստի ննջասենյակից։ Ուշագրավ է, որ կողոպուտի պահին տան առաջին հարկում են գտնվել Միլիտաոյի հարազատները, որոնք հեռուստացույցով դիտելիս են եղել «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը և չեն նկատել կողոպտիչների ներթափանցումը։
Հանցագործները հափշտակել են ավելի քան 350 հազար եվրո ընդհանուր արժողությամբ զարդեր և ժամացույցներ։ Գողոնի թվում են 170 հազար եվրո արժողությամբ Richard Mille և 53 հազար եվրո արժողությամբ Rolex ժամացույցներ, Chanel ապրանքանիշի երեք պայուսակ, ինչպես նաև Cartier-ի թանկարժեք զարդեր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի պահին տան անվտանգության ազդանշանային համակարգն անջատված է եղել, իսկ տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են կողոպտիչներին ընդամենը մի քանի վայրկյանով, ինչից հետո նրանք պոկել են սարքերից մեկը։ Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել և ուսումնասիրում է մյուս տեսախցիկների պահպանված տեսագրությունները։
Կորուստը հայտնաբերելուց հետո Միլիտաոն նաև մասնավոր խուզարկու է վարձել՝ իր համար առանձնահատուկ արժեք ներկայացնող իրերը վերադարձնելու նպատակով։ Մասնագետը չի բացառում, որ կողոպուտը կարող էր կազմակերպված լինել ֆուտբոլիստի մտերիմ շրջապատից որևէ մեկի կողմից։
Հիշեցնենք, որ Էդեր Միլիտաոն «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2019 թվականից։ Մադրիդյան թիմի կազմում նա երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկուական անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթն ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև մեկ անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում պաշտպանը 2019 թվականին հռչակվել է Ամերիկայի գավաթակիր։


























































