Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ ու «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն պատրաստ է գլխավորել իտալական ակումբը, եթե թիմի ղեկավարությունը որոշի հեռացնել ներկայիս մարզիչ Մարկո Ջամպաոլոյին։
Այս մասին հայտնի է դարձել իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերիին։ Աղբյուրի փոխանցմամբ, 43-ամյա մասնագետը «Միլան» վերադառնալու պատրաստակամություն է հայտնել, բայց երկու պայմանի իրագործման դեպքում։
Շևչենկոն նոր ակումբում աշխատանքը պատրաստ է սկսել նոյեմբերից ոչ շուտ, քանի որ մինչ այդ Ուկրաինայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի հանդիպումներ է անցկացնելու Լիտվայի ու Պորտուգալիայի հետ։ Բացի այդ, Շևչենկոն մտադիր է շարունակել աշխատանքն Ուկրաինայի հավաքականում ու համատեղել երկու պաշտոնները։
Շևչենկոն «Միլանում» խաղացել է 1999-ից 2006 թվականներին, դրանից հետո՝ 2008/09 մրցաշրջանում, հանդես է եկել վարձակալության հիմունքներով։ 2012 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, իսկ 4 տարի անց գլխավորել է Ուկրաինայի հավաքականը։