Ղազախական «Ատիրաուի» ֆուտբոլիստները հարգել են «Ակադեմիա Օնտուստիկի» նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը՝ խաղադաշտ դուրս գալով նրա լուսանկարը պատկերող մարզաշապիկներով։
Հիշեցնենք, որ «Ատիրաուի» կազմում է հանդես գալիս հայ ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը, իսկ թիմը գլխավորում է Արամ Ոսկանյանը։
Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան է, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» եւ «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։
Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ Աշխատել է «Փյունիկ» ակումբի մարզադպրոցում։ 2017-ին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։
2020թ․ փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնթուստիկ» թիմը: