Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» վաղը սեփական հարկի տակ ուժերը կչափի մակեդոնական «Ռենովայի» հետ: Այսօր կայացել է երևանյան թիմի պաշտպան Տարոն Ոսկանյանի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Դրանից հետո կպլանավորենք մեր հետագա անելիքները: Մեզ երկար ճանապարհ է սպասվում և գլխավորը վաղվա խաղն է»:
Անդրադառնալով Հայաստանի առաջնության վերջին տուրում «Նոայի» նկատմամբ տարած հաղթանակին՝ մարզիչն ասել է. «Յուրաքանչյուր հաղթանակ մեզ տալիս է մոտիվացիա: Առավել ևս, որ հաղթել ենք Հայաստանի ուժեղագույն թիմերից մեկին: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել նաև ուժեղ թիմերին ու շարժվել առաջ»:
Մելիքյանին հարց է հնչել նաև, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Պրեմիեր լիգայում «Ալաշկերտը» ավելի արդյունավետ է խաղում երկրորդ խաղակեսում. «Առաջին հերթին դա մարզչական աշխատանք է, քանի որ ֆիզիկապես տղաները պատրաստ են, տակտիկապես գրագետ են խաղում և գիտեն, որ պահին ինչպես պետք է գործեն»,-ասել է Մելքյանը:
Խոսելով վաղվա խաղի մարտավարական սխեմայի և տակտիկայի վերաբերյալ՝ մարզիչն ասել է. «Ես միշտ փոխում եմ մարտավարական սխեման: Մենք վերլուծում ենք մրցակցի խաղը և ըստ դրա ենք ընտրում մեր տակտիկան: Դրա արդյունավետությունը երևում է, մնում է որ ստացվի այնպես, ինչպես պլանավորել ենք»:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»-«Ռենովա» հանդպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի 20:00-ին: