Մինչև 21 տարեկանների Եվրո-2021-ի որակավորման փուլի 1-ին խմբի Հայաստան Մ-21 – Իռլանդիա Մ-21 հանդիպումից (0:1) հետո կայացել է մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի մամուլի ասուլիսը.
Խոսելով խաղի մասին, Ֆլորեսն ասաց հետևյալը.
«Շատ կուզենայի ավելի ձեռնտու հաշիվ լիներ. Դա պետք էր մեզ, որպեսզի ավելի վստահ լինեինք: Գիտեինք, որ դժվար հանդիպում է լինելու, մրցակիցը բարձր խաղային ռիթմով կոմպակտ թիմ է: Մեր նպատակներից մեկը ճիշտ դասավորվածությունն էր և ճիշտ խաղը պաշտպանությունում, իսկ գնդակով խաղի ժամանակ պետք էր խաղալ այն ֆուտբոլը, որը խաղացել ենք: Շտապողականությունը և ոչ ճիշտ գործողությունները շատ էին, գնդակը շուտ էինք կորցնում: Շատ ջանքեր կորցրինք գնդակը վերադարձնելու համար: Վերջին րոպեներին վստահությունը ստացան տղաները: Մեր թիմը այդ ընթացքում ճիշտ էր վարվում գնդակի հետ, բայց եզրափակումը չստացվեց»:
Անհանգստացնող հարցերից մեկը վնասվածք ստացած ֆուտբոլիստներն են: Մարզիչը որոշ տեղեկություններ ուներ Արման Մկրտչյանի, Ռաֆիկ Միսակյանի և Արմեն Նահապետյանի մասին.
«Արմանը դժվար թե մասնակցի հաջորդ խաղին, իսկ Ռաֆիկի մասով դեռ չեմ կարող ասել: Այլ ֆուտբոլիստներ էլ կան, որոնց մասնակցությունը հաջորդ խաղին հարցականի տակ կլինի: Միշտ ասում եմ, պետք է կարողանանք ջանքերը ճիշտ կառավարել և օգտագործել անհրաժեշտ պահերին: Պետք է այնպես անել, որպեսզի պահպանենք գնդակի վերահսկումը:
Արմենը խաղից առաջ էլ խնդիրներ ուներ, բայց մինչև վնասվածքի պահը լավ վիճակում էր, և դա զգացվեց: Հույս ունենք, որ նա կխաղա Իտալիայի դեմ: Ամենակարևորը ֆուտբոլիստն է, ոչ ոքի վտանգի չենք ենթարկի»,- ասաց Ֆլորեսը:
Հիշեցնենք, որ ազգային հավաքականից հրավեր է ստացել երիտասարդական ընտրանու հիմնական ֆուտբոլիստ Արթուր Դանիելյանը: Մ-21 հավաքականի մարզիչն անդրադարձավ այդ հանգամանքին.
«Մեր նպատակներից մեկն ազգային թիմի համար ֆուտբոլիստներ պատրաստելն է: Ցանկանում ենք նրանց մոտ աճ գրանցվի: Ամենակարևորը նաև այց հարցում թիմային աշխատանքն է: Բոլորս ուրախ ենք, որ նա ազգային հավաքականում է»:
Կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանը «Նոայի» կազմում որևէ հանդիպման չէր մասնակցել, բայց այս խաղում մեկնարկային կազմում: Արդյո՞ք ռիսկային չէր այդ որոշումը. Ֆլորեսը պատասխանեց.
«Ոչ միայն Հովհաննեսը, այլ շատ ֆուտբոլիստներ իրենց ակումբներում կայուն հանդես չեն գալիս: Ունենք այն, ինչ ունենք, փորձում ենք կարճ ժամանակահատվածում անել անհրաժեշտը: Իհարկե կարևոր է խաղաժամանակը:
«Ես շատ գոհ եմ իմ թիմից: Աղյուսակում էլ կարող ենք բարելավել մեր դիրքը: Մեր աշխատանքը այդ ամենի համար է: Նկատում ենք, որ խաղացողները հավաքականում աճում են»,- եզրափակեց Ֆլորեսը: