Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» հետ ու 2։1 հաշվով հաղթանակ կորզեց։
Հանդիպման հաշիվը բացեց միայն 49-րդ րոպեին, երբ սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը գրավեց մրցակցի դարպասն ու առաջ մղեց իր թիմին։ 5 րոպե անց, սակայն, տանտերերն անվրեպ իրացրին նշանակված 11-մետրանոցը․ Սանսոնը գրավեց «Ռոմայի» դարպասն ու հավասարեցրեց հաշիվը։
Հյուրերին հաղթանակ պարգևեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի՝ ավելացված 4-րդ րոպեին խփած գոլը։ Նշենք՝ 85-րդ րոպեից «Ռոման» խաղում էր 10 հոգով՝ Ջանլուկա Մանչինիի հեռացումից հետո։
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր, սակայն 77-րդ րոպեին փոխարինվեց՝ տեղը զիջելով պաշտպան Խուան Ժեզուսին։
Այս հաղթանակից հետո «Ռոման» իր միավորների թիվը հասցրեց 8-ի ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Բոլոնիան» 4 խաղից հետո վաստակած 7 միավորով գտնվում է 6-րդ տեղում։