Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում օգոստոսի 14-ից սեպտեմբերի 1-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ArmSport-ի հետ զրույցում ներկայացրել է թիմի կազմն ու խոսել սպասելիքների մասին:
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն հրաձիգներ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Երջանիկ Ավետիսյանը, Գոռ Խաչատրյանը, Արուսյակ Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը:
Հայաստանի պատվիրակության 6 անդամներ Բաքու կժամանեն օգոստոսի 14-ին, իսկ պատվիրակության մյուս մասը՝ օգոստոսի 24-ին: Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ հայ հրաձիգներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Լեհաստանում.
«Հավաքից հետո կմեկնենք Բաքու: Աշխարհի առաջնությանը կմասնակցենք 6 մարզիկով: Չենք կարող առանց սպասելիքներ մեկնել մրցաշարի: Այն վարկանիշային է լինելու Օլիմպիական խաղերի համար: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Սեյրան Նիկողոսյանը:
Մասնագետի խոսքով՝ ի սկզբանե քննարկվել է առաջնությանը մասնակցել-չմասնակցելու հարցը, բայց բոլոր հարցերը լուծվել են, թիմը ստացել է անվտանգության բոլոր երաշխիքներն ու որոշել մեկնել վարկանիշային ԱԱ-ին:
Հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է նաև Լեհաստանում անցկացված Եվրոպական ամառային երրորդ խաղերը. «Եթե թիմը խաղերի ռեկորդ է սահմանում, ուրեմն ցուցանիշը բարձր է: Ցավոք, եզրափակչում պարտվեցինք Իտալիային, որն ուժեղ թիմ ունի, բայց մենք էլ նվեր չենք: Ընդհանուր առմամբ, մասնակցությունը լավ եմ գնահատում: Պատրաստ էինք ավելի բարձր արդյունքներ գրանցել անհատական վարժություններում, ցավոք՝ չստացվեց»:
Հիշեցնենք՝ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը Եվրոպական ամառային երրորդ խաղերի հրաձգության 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հավաքելով 581 միավոր՝ զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականն ու արծաթե մեդալ նվաճել: Անհատական պայքարում, սակայն, Էլմիրան և Բենիկը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Հիշեցնենք՝ Էլմիրա Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել: