«Փյունիկի» նորեկ, 34-ամյա ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն երևանյան ակումբի շարքերը համալրելուց հետո առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի քարտուղարությանն ու ընդգծել՝ իր տեղափոխության հարցում գլխավոր մարզչի գործոնն ամենակարևորն էր.
«Շատ ուրախ եմ, որ կարողացա միանալ թիմին: Որքանով՝ ես գիտեմ, սա Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է:Շատ հաճելի է, որ ես այստեղ եմ:
Իմ տեղափոխության հարցում գլխավոր մարզչի գործոնն ամենակարևորն էր, քանի որ նա ցանկանում էր ինձ տեսնել թիմում, իսկ եթե գլխավոր մարզիչը քեզ ցանկանում է տեսնել թիմում, դա մեծ վստահություն և ցանկություն է տալիս՝ այդ ակումբում խաղալու համար»,- ասել է Անտոն Կոբյալկոն:
Հիշեցնենք՝ օրերս «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց «Արարատ-Արմենիայի» նախկին մարզիչ Արտակ Օսեյանը:

Կոբյալկոն, որը նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում «Արարատ-Արմենիայի» հետ նվաճել էր Հայաստանի չեմպիոնությունը, պատմում է՝ ինչ է անհրաժեշտ չեմպիոն դառնալու համար.
«Հայաստանի առաջնությունը վերջին 2 տարվա ընթացքում շատ հետաքրքիր է դարձել, և ամեն ինչ վճռվում է միայն վերջին տուրում: Եվրագավաթային ուղեգրերի համար նվազագույնը 4 թիմ է պայքարում և հանդիպումները շատ լարված ու հետաքրքիր են անցնում միշտ:
Չեմպիոն դառնալու համար հաղթողի բնավորություն է անհրաժեշտ, վարպետություն, համախմբվածություն: Միայն միասնական ուժերով կարող ենք արդյունքի հասնել, ինչպես՝ ամենուր»,- ասել է ռուս հարձակվողը ու երկրպագուներին կոչ արել աջակցել իրենց.
«Երկրպագուներին կոչ եմ անում աջակցել մեզ: Մենք կփորձենք ձեզ ուրախացնել մեր խաղով:Ամեն ինչ ձեզ համար»,- ասել է Կոբյալկոն: