Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) բացատրել է, թե ինչու է բավարարել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը՝ կապված Աֆրիկայի ազգերի գավաթի 2025 թվականի եզրափակիչի հետ։
CAS-ը չեղարկել է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) վերաքննիչ կոմիտեի որոշումը՝ Սենեգալին տեխնիկական պարտություն գրանցելու վերաբերյալ, և ուժի մեջ թողել CAF-ի կարգապահական կոմիտեի նախնական որոշումը։ Արդյունքում եզրափակիչի գրանցված արդյունքը՝ Սենեգալի հաղթանակը 1։0 հաշվով, պահպանվել է։
Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան իր բողոքում պնդել էր, որ մրցավար Ժան-Ժակ Նգամբո Նդալայի՝ 109-րդ րոպեին խաղը վերսկսելու և այն մինչև վերջ հասցնելու որոշումը վերանայման ենթակա չէ, քանի որ այն վերաբերում է անմիջապես խաղադաշտում ընդունված որոշումներին։
Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան, հակառակը, գտնում էր, որ մրցավարի որոշումը չի կարող պաշտպանվել այդ սկզբունքով։ Մարոկկյան կողմի պնդմամբ՝ Սենեգալի հավաքականը, ժամանակավորապես լքելով խաղադաշտը, խախտել էր Աֆրիկայի ազգերի գավաթի կանոնակարգի 82-րդ և 84-րդ հոդվածները, և մրցավարը պետք է ավելի վաղ դադարեցներ հանդիպումը։
Քննելով կողմերի փաստարկները՝ CAS-ի արբիտրաժային կոլեգիան եզրակացրել է, որ խաղը վերսկսելու կամ վերջնականապես դադարեցնելու որոշումը բացառապես մրցավարի հայեցողության շրջանակում էր։ Վերսկսելով հանդիպումը՝ մրցավարը փաստացի արձանագրել էր, որ դրա համար անհրաժեշտ պայմաններն ապահովված են. երկու հավաքականներն էլ վերադարձել էին խաղադաշտ և պատրաստ էին շարունակել խաղը։
Կոլեգիայի կարծիքով՝ մրցաշարի կանոնակարգի 82-րդ և 84-րդ հոդվածները կիրառելի են այն դեպքերում, երբ թիմերից մեկի վարքագիծը ստիպում է մրցավարին վերջնականապես դադարեցնել հանդիպումը։ Քանի որ այս դեպքում խաղը շարունակվել էր, նշված հոդվածները կիրառելու հիմքեր չկային։
CAS-ը նաև նշել է, որ մրցավարը իրավական սխալ թույլ չի տվել։ Որոշումն ընդունվել է միաձայն։
Դատարանը հավելել է, որ հետևում է այսպես կոչված «խաղադաշտի դոկտրինին», որի համաձայն՝ չի վերանայում մրցավարների՝ անմիջապես խաղադաշտում ընդունած որոշումները, բացառությամբ այն դեպքերի, երբ կան ապացույցներ, որ կանոնները կիրառվել են կամայականորեն կամ անբարեխղճորեն։


























































