Սպորտում բռնության դեմ պայքարի հանձնաժողովն (CSD) առաջարկել է 3001 եվրոյով տուգանել Մադրիդի «Ռեալին»։ Պատժամիջոցների պատճառն այն է, որ ակումբը թույլ է տվել երկրպագուներին Լա լիգայի 9-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ (4-1) մարզադաշտ բերել և տրիբունաներում բացել Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասին քննադատող պաստառ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ «Սերուցքայինների» երկրպագուները պաստառ են պարզել՝ «Սա ֆուտբոլ չէ, սա Տեբասն ու Նեգրեյրան են» գրությամբ՝ ակնարկելով մրցավարական կոմիտեի նախկին ղեկավարի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը։
Գերատեսչությունում նշել են, որ ակումբը թերացել է «հանդիսականների մուտքի և մարզադաշտում գտնվելու վերահսկողության հարցում»՝ չկանխելով խոշոր չափերի պաստառի մուտքը տրիբունաներ, որի համար չեն եղել նախնական ծանուցում և հրակայունության վկայական։ Նշվում է, որ պաստառը տրիբունաներում ցուցադրվել է երեք անգամ։
Բացի «Ռեալից», պատժամիջոցներ են առաջարկվել նաև իսպանական մի շարք այլ ակումբների նկատմամբ։ Մասնավորապես՝ «Օսասունային» սպառնում է 30 հազար եվրոյի տուգանք՝ Sadar Bizirik երկրպագուական խմբավորման՝ արմատական Indar Gorri միավորման հետ ունեցած կապերի և տրիբունաներում կազմակերպված ակցիաների նկատմամբ ոչ բավարար վերահսկողության պատճառով։ «Բետիսը» կարող է տուգանվել ընդհանուր առմամբ 35 հազար եվրոյով՝ Չեմպիոնների լիգայի «Պորտուի» և «Ֆեյենորդի» դեմ հանդիպումներում հրավառ նյութեր օգտագործելու համար։
«Սելտայի» նկատմամբ առաջարկվել է կիրառել 5 հազար եվրոյի տուգանք՝ Եվրոպա լիգայի «Յուվենտուսի» դեմ խաղի ընթացքում ալկոհոլի վաճառքի արգելքը խախտելու համար, իսկ «Ռայո Վալեկանոյից» առաջարկվել է գանձել 3001 եվրո՝ «Էլչեի» հետ մրցավեճում չհամաձայնեցված ութ պաստառ ցուցադրելու պատճառով։
























































