«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին գնահատել է կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու հնարավորությունները։ Փորձառու ֆուտբոլիստը կարծում է, որ «կապտանռնագույնները» ունակ են նվաճելու եվրոպական գլխավոր գավաթը, սակայն առայժմ չեն կարող համարվել մրցաշարի բացահայտ ֆավորիտ։
«Ակնհայտ է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելը մեզ համար իրատեսական նպատակ է։ Դա այն վերջին քայլն է, որը պետք է կատարենք՝ մեր դիրքերն ամրապնդելու և ամբողջ Եվրոպային ցույց տալու համար, թե ինչպիսի թիմ ենք։ Սակայն չեմ կարծում, թե մենք գլխավոր ֆավորիտն ենք։ Պետք է հստակ գիտակցենք, թե որտեղից ենք սկսել և ինչ է անհրաժեշտ չեմպիոն դառնալու համար։ Այս թիմը դեռ մի քանի հարց ունի շտկելու՝ նպատակին հասնելու համար»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Կիսապաշտպանի համոզմամբ՝ Չեմպիոնների լիգայում միշտ չէ, որ հաղթում է օբյեկտիվորեն ամենաուժեղ թիմը. այստեղ վճռորոշ են առանձին դրվագները կառավարելու փորձն ու սառնասրտությունը։
«Սա պահերի մրցաշար է, և պետք է կարողանալ ճիշտ զգալ ու կառավարել այդ դրվագները։ Հավանաբար, հենց այդ փորձն է, որ դեռ պակասում է մեր թիմին։ Բայց եթե հարցնում եք՝ արդյոք մենք հաղթելու շանս ունենք, ապա ես հենց այդ պատճառով եմ եկել այստեղ»,- ընդգծել է իսպանացին։
Անդրադառնալով թիմի խաղային խնդիրներին՝ Ռոդրին նշել է, որ փլեյ-օֆֆ փուլում կենսական նշանակություն ունի կարգապահությունը՝ կարմիր քարտերից, 11-մետրանոցներից և անպարտադիր գոլերից խուսափելը։
«Խոսքը հենց այն վճռորոշ պահերը վերահսկելու մասին է, որոնք կանխորոշում են փլեյ-օֆֆի դիմակայությունների ելքը։ Կարմիր քարտերը, 11-մետրանոցները, անհրաժեշտից ավելի շատ գոլեր բաց թողնելը. այս ամենն է որոշում՝ շարունակո՞ւմ ես պայքարը, թե՞ լքում մրցաշարը։ Գուցե ավելի լավ է հարձակման գծում այդքան տպավորիչ չլինենք, բայց փոխարենը գործենք ավելի կայուն և ամուր։ Այս մրցաշարում հաղթած թիմերը հենց դա են ապացուցել։ Մենք դեռ կատարելագործվելու տեղ ունենք»,- նկատել է նա։
Եզրափակելով խոսքը՝ Ռոդրին հիշեցրել է, որ մեծ հաղթանակների ճանապարհն անցնում է դառը պարտությունների և դրանցից քաղած դասերի միջով.
«Միշտ ասել եմ՝ հաղթելուց առաջ պետք է պարտվել և սովորել։ Կարևոր տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստները դա շատ լավ գիտեն։ Ես ինքս բազմաթիվ անգամներ եմ մասնակցել Չեմպիոնների լիգային, մինչև վերջապես կարողացա նվաճել գավաթը։ Այդ փորձը անգնահատելի է»։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի գավաթը վերջին անգամ գլխավերևում պահել է 2015 թվականին՝ Բեռլինում կայացած եզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասնելով Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։ Կատալոնական գրանդն արդեն ավելի քան մեկ տասնամյակ սպասում է իր պատմության վեցերորդ եվրոպական թագին։

























































