Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գարեթ Բեյլը կարող է դառնալ իսպանական «Սևիլյայի» սեփականատերերից մեկը։ Այս մասին հայտնում է El Confidencial-ը։
Աղբյուրի համաձայն` Բեյլը ներգրավված է ամերիկյան ներդրումային հիմնադրամի նախագծում, որը մտադիր է ձեռք բերել անդալուզյան ակումբը։
«Սևիլյան» գնահատվում է շուրջ 500 միլիոն եվրո։ Ընդ որում՝ պոտենցիալ գնորդը ստիպված կլինի թիմի զարգացման համար լրացուցիչ ներդնել առնվազն 80 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբը գնելու փորձ էր կատարել նաև «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը, սակայն բանակցություններն ավարտվել էին անարդյունք։
Այսպիսով, եթե ամերիկյան հիմնադրամին հաջողվի ավարտին հասցնել գործարքը, Բեյլը կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ՝ արդեն ներդրողի կարգավիճակով։


























































