Հայաստանի Առաջին խմբի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է 2026/27 մրցաշրջանի իր նոր խաղային մարզաշապիկները։
Նոր հավաքածուն մշակվել է Հայաստանում և արտադրվել հոլանդական Robey ընկերության հետ համագործակցությամբ՝ համադրելով հայկական պատմական խորհրդանիշներն ու ֆուտբոլային ռետրո էսթետիկան։
Տնային մարզաշապիկը ստեղծված է հայկական տուֆի գույնով, ունի երկգույն խաչվող օձիք և նուրբ հորիզոնական գծեր, որոնք խորհրդանշում են Սարդարապատի հուշահամալիրի աշտարակը։
Արտագնա մարզաշապիկը բեժ գույնի է՝ նուրբ զոլերով և դասական ռետրո օձիքով, որը նախատեսված է նաև առօրյայում կրելու համար։ Համարների ու անունների տառատեսակը ոգեշնչված է Ֆրանսիայի հավաքականի 1998 թվականի աշխարհի չեմպիոնական մարզաշապիկից։
Հատուկ ակնարկ Անտուան Գրիզմանին. հավաքածուում ներառվել է նաև երկարաթև տարբերակ՝ ի պատիվ ակումբի բաժնետեր, աշխարհի 2018 թ. չեմպիոն Անտուան Գրիզմանի, որի խաղադաշտային ոճի այցեքարտը հենց երկարաթև մարզաշապիկն է։
Մարզաշապիկների հետևի հատվածում պատկերված է Հայաստանի դրոշը՝ «Born in Victory» («Ծնված հաղթանակի մեջ») կարգախոսով, ինչը հղում է 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտին։ Խաղային համազգեստից բացի, ակումբը թողարկել է նաև ամբողջությամբ Հայաստանում արտադրված lifestyle հավաքածու (հուդիներ, սվիթշոթեր, շապիկներ և աքսեսուարներ)։
Նոր մարզահագուստի ֆոտոշարքն իրականացվել է Արմավիրում։ Լուսանկարահանմանը, ֆուտբոլիստներից և նրանց կանանցից բացի, մասնակցել է նաև ակումբի ամենատարեց՝ 96-ամյա երկրպագուն։
Հավելենք, որ 2021 թվականին Արմավիրում ֆրանսահայ փաստաբան Սևան Քարյանի կողմից հիմնադրված «Սարդարապատն» իր առաջին իսկ պրոֆեսիոնալ մրցաշրջանում (2025/26 թթ.) հռչակվեց Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։ Ակումբը տեխնիկական համագործակցություն ունի ֆրանսիական «Լանսի» և Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, իսկ ակադեմիայում այս պահին մարզվում է շուրջ 500 պատանի։ Անտուան Գրիզմանից բացի, նախագծի աջակիցների թվում են նաև հայտնի գործարարներ Նուբար Աֆեյանը, Արա Մահտեսյանը և Արմեն Փանոսյանը։



























































