Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի մինչև 20 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ փուլի «Ուբերլանդիա» – «Մամորե» հանդիպումն ավարտվել է աննախադեպ սկանդալով։ Խաղադաշտում բռնկված զանգվածային ծեծկռտուքի հետևանքով հանդիպման գլխավոր մրցավարը ցույց է տվել 53 կարմիր քարտ՝ թարմացնելով համաշխարհային ֆուտբոլի պատմության հակառեկորդը։
Կրքերը բորբոքվել են երկրորդ խաղակեսում, երբ «Մամորեն» հաղթում էր 3։1 հաշվով։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձած Դավին սադրիչ ժեստեր է արել մրցակցի խաղացողների և պահեստայինների նստարանի ուղղությամբ։ Սրան անմիջապես արձագանքել է «Ուբերլանդիայի» դարպասապահների մարզիչը՝ նետվելով խաղադաշտ, ինչից հետո իրավիճակը լիովին դուրս է եկել վերահսկողությունից։ Սկսվել է անկառավարելի բախում՝ երկու թիմերի հիմնական ու պահեստային ֆուտբոլիստների, ինչպես նաև մարզչական շտաբների մասնակցությամբ։
Հանդիպման գլխավոր մրցավար Ֆերնանդո Պատրիկը ստիպված է եղել դիմել ծայրահեղ քայլերի։ Ըստ CNN Brasil-ի՝ արձանագրության մեջ գրանցվել է 53 հեռացում․ կարմիր քարտ են ստացել «Մամորեի» 21 և «Ուբերլանդիայի» 22 ֆուտբոլիստներ, երկու թիմերի մարզչական շտաբների 8 ներկայացուցիչներ և ակումբների 2 ղեկավարներ (որոշ միջազգային աղբյուրներ, այդ թվում՝ BBC-ն, նշում են 51 հեռացման մասին՝ հաշվի չառնելով ակումբների ղեկավարներին)։
Բախումները շարունակվել են նաև հանդերձարանների հատվածում․ կոտրվել են մարզադաշտի դռները, պատուհանները, ցնցուղներն ու գույքը։ Կարգուկանոնը վերականգնելու համար պահանջվել է ոստիկանության միջամտությունը։ Ավելին, մրցավարը ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել՝ նշելով, որ «Ուբերլանդիայի» ղեկավարներից մեկը սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին։ Խաղը, բնականաբար, չի շարունակվել։
Ուշագրավ է միջադեպի հանգուցալուծումը։ Որակազրկումների պատճառով «Մամորեի» հայտացուցակում պատասխան խաղի համար մնացել էր ընդամենը 7 ֆուտբոլիստ։ «Ուբերլանդիան» հանդես է եկել «ֆեյր-փլեյի» անսպասելի նախաձեռնությամբ և հրաժարվել է մասնակցել պատասխան հանդիպմանը՝ հայտարարելով, որ նման պայմաններում խաղալն արդար չէր լինի։ Արդյունքում «Մամորեն» պայքարը կշարունակի եզրափակիչում, իսկ «Ուբերլանդիան» կվիճարկի երրորդ տեղը։
Հավելենք, որ մեկ խաղում ցուցադրված կարմիր քարտերի նախորդ համաշխարհային ռեկորդը պահպանվում էր 2011 թվականի փետրվարի 27-ից․ Արգենտինայի 5-րդ դիվիզիոնի «Ատլետիկո Կլեյպոլ» – «Վիկտորիանո Արենաս» հանդիպման մրցավարը խաղադաշտից հեռացրել էր 36 մարդու։




























































