Վերջերս տված հարցազրույցում Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել էր համացանցում տարածված այն մեմերը, որոնցում ինքը պատկերված է զինվորական համազգեստով։
Ֆուտբոլիստն անկեղծացել էր, որ իրեն հատկապես զվարճացրել է այն նկարը, որտեղ իր դեմքը «տեղադրել են» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին նախագահ (1954-1959թթ․) Մաո Ցզեդունի մարմնի վրա։
Ընդ որում, ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը չինացի հանգուցյալ առաջնորդին անվանել էր «բռնապետ»։ Այս արտահայտությունը խիստ բացասական արձագանք էր ստացել Չինաստանի կառավարության կողմից, որն անմիջապես կոշտ պատասխան քայլերի էր դիմել։ Մասնավորապես, Մբապեի հայտարարության պատճառով Չինաստանը որոշել է ամբողջ երկրի տարածքում դադարեցնել իսպանական Լա լիգայի հանդիպումների հեռարձակումը։
Սակայն սրանով պատժամիջոցները չեն ավարտվել։ EA Sports ընկերությունը հայտարարել է EA FC27 տեսախաղի չինական տարբերակի նոր թարմացման մասին, որի արդյունքում ֆրանսիացի հարձակվողը կհեռացվի առցանց ռեժիմից։ Ավելին, ըստ իսպանական Marca պարբերականի, Konami ընկերությունը ևս համանման քայլեր կձեռնարկի իր տեսախաղերի չինական տարբերակներում․ Մբապեն ոչ միայն դուրս կհանվի թիմերի կազմերից, այլև իր բոլոր խաղային քարտերով ամբողջությամբ կջնջվի խաղից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս սկանդալի ֆոնին չինական խոշոր ընկերությունները միակողմանիորեն խզել էին ֆրանսիացի աստղի հետ գործող գովազդային պայմանագրերը, ինչից հետո հանրային ներողությամբ էին հանդես եկել անձամբ Կիլիան Մբապեն, Մադրիդի «Ռեալն» ու Լա լիգայի ղեկավարությունը։



























































