Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրում Միլանի «Ինտերն» այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Սան Սիրո» մարզադաշտում կընդունի Դոնեցկի «Շախտյորին»։
Կարևորագույն դիմակայությանն ընդառաջ «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մրցաշարի մեկնարկային երկու պարտություններին, հանդերձարանի մթնոլորտին և ուկրաինական թիմի խաղաոճին։
Չեմպիոնների լիգայում կրած պարտությունների և ամբիցիաների մասին
«Ես ինքս երբեք չեմ հաշվել պարտությունների շարքը, բայց երբ այդ թվերը ներկայացնում են ինձ, ստիպված եմ պատասխանել։ Կարիք չկա անընդհատ հիշեցնել մեզ դրա մասին։ Այս մրցաշրջանում մենք երկու պարտություն ենք կրել և պետք է վերագտնենք մեր էներգիան ու ճիշտ զգացողությունները, որոնք համահունչ են մեր հավակնություններին։ Պարտավոր ենք կենտրոնանալ առաջիկա խաղի վրա և պատրաստ լինել բոլոր առումներով՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես։
Մենք երբեք չենք ասել, թե պարտավոր ենք հաղթել Չեմպիոնների լիգայում. ասել ենք, որ դա երազանք է։ Երբ մեզ հարց են տալիս ֆավորիտ լինելու մասին, մենք պատասխանում ենք քաղաքավարությունից ու պարտքի զգացումից ելնելով։ Այժմ՝ երկու պարտությունից հետո, մեր առաջնահերթությունը նախևառաջ մեկ խաղում հաղթելն է, և դա «Շախտյորի» դեմ հանդիպումն է»։
«Բոլոնիայի» դեմ խաղի ընդմիջման և ֆուտբոլիստների հանդեպ սիրո մասին
«Ի՞նչ է տեղի ունեցել «Բոլոնիայի» հետ խաղի ընդմիջմանը. ես կարող եմ խոսել ցածրաձայն, բարձրացնել ձայնս, ծիծաղել կամ կատակել, բայց անում եմ նույնը, ինչ տանը՝ երեխաներիս հետ։ Այն սերը, որ զգում եմ իմ ֆուտբոլիստների հանդեպ, շատ մոտ է այն սիրուն, որը տածում եմ իմ ընտանիքի նկատմամբ։ Եվ դա չի փոխվում՝ անկախ նրանից՝ հանգիստ եմ խոսում, թե բարկանում եմ»։
Անհաջող մեկնարկների և պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին
«Ինձ դուր է գալիս, երբ ֆուտբոլիստն իր վրա է վերցնում պատասխանատվությունը, բայց գլխավոր պատասխանատուն ե՛ս եմ։ Գուցե ես չեմ կարողանում ճիշտ տեղ հասցնել այն, ինչ պահանջվում է։ Եթե նախորդ մրցաշրջանում մենք լուրջ հաջողություն ունեցանք, ապա միայն այն պատճառով, որ թիմի յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն ստանձնեց։
Ես երբեք մատով չեմ ցույց տալիս իմ խաղացողներին։ Խաղադաշտում տեղի ունեցող ամեն ինչի, հատկապես՝ բացասական կողմերի և անհատական սխալների համար պատասխանատվությունը կրում եմ ես։ Պետք է հասկանալ, որ այս թիմն արդեն 7 տարի է՝ մրցունակ է և խաղում է հսկայական ճնշման ներքո։ Առաջին հերթին հենց ես պետք է կատարելագործվեմ՝ ավելի շատ ուշադրություն, մոտիվացիա հաղորդելու և խաղն ընթացքի մեջ ավելի լավ կարդալու համար»։
Խաղի ընթացքը բեկելու և քննադատությունների մասին
«Ինչպե՞ս է մարզիչը փոխում թիմի տրամադրվածությունը ընդմիջմանը. չգիտեմ, ինչի՞ մասին ենք խոսում։ Ստացվում է՝ եթե վատ ենք սկսում, իմ մեղքն է, իսկ եթե ընդմիջումից հետո փոխում ենք խաղի ընթացքը, դա է՞լ է իմ շնորհիվ։ Ո՛չ, դա գործոնների համակցություն է։ Մենք մենակ չենք խաղում. մեր դեմ դուրս են գալիս տակտիկապես պատրաստված թիմեր, որոնք ներդնում են ամեն ինչ, քանի որ բոլորն էլ ուզում են հաղթել «Ինտերին»։
Մենք չափազանց շատ ենք խոսում ոչնչի մասին և միշտ բացասականն ենք փնտրում։ Բնույթով ես լավատես եմ և նայում եմ դրական կողմերին՝ թե ինչպես է թիմն արձագանքում բաց թողած գոլերին։ Այն ամենը, ինչ չի աշխատում, իմ մեղքն է, իսկ հաջողությունը պատկանում է ֆուտբոլիստներին և նրանց հասունությանը։ Ես չեմ ուզում, որ պարտությունները վերածվեն ողբերգության, որովհետև դրանք ողբերգություն չեն և չեն էլ լինելու։ Տպավորություն ունեմ, որ մեզնից պահանջում են կատարել որոշակի պարտավորություններ, որոնք մյուսներից չեն պահանջում, և դա արդար չէ»։
«Շախտյորի» դեմ սպասվող հանդիպման մասին
««Շախտյորն» ուժեղ թիմ է։ Նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում, իսկ այս մրցաշարում յուրաքանչյուր մրցակից տակտիկապես զարգացած է, ունի որակ, փորձ, տեխնիկապես օժտված ֆուտբոլիստներ, արագություն և լավ մարզիչ։ Նրանք մեծ ինտենսիվություն են հաղորդում խաղին թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի։ Մենք պետք է լինենք ինքներս մեզ նման, վստահ լինենք մեր ուժերին, բայց միևնույն ժամանակ գիտակցենք, որ անցյալի ձեռքբերումներն այլևս նշանակություն չունեն։ Կարևորն այսօրվա օրն է»։
Հավելենք, որ «Ինտեր» – «Շախտյոր» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։ Խաղը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը՝ Հարմ Օսմերսի գլխավորությամբ։


























































