ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանը շարունակում է տպավորիչ ելույթները՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր։
77 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հայ ըմբիշն ընդամենը 50 վայրկյանում 9-0 հաշվով վստահ առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող Հուբերտ Սիդորուկի նկատմամբ: Մի քանի ժամից Տերտերյանը կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար, որտեղ նրա մրցակիցը կլինի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն (72 կգ քաշային կարգում), հունգարացի Լևենտե Լևային։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ հասնելու ճանապարհին հայ ըմբիշը մեկնարկային ծանրագույն պայքարում 2-1 հաշվով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Իմրան Ալիևին, իսկ 1/8 եզրափակիչում համառ գոտեմարտում 1-1 հաշվով (առաջին միավորը վաստակելու չափանիշով) պայքարից դուրս էր թողել Ուզբեկստանը ներկայացնող Աբդուլո Ալիևին:



























































