Իսպանական հեղինակավոր AS պարբերականը մանրամասներ է հրապարակել Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում տիրող լարված իրավիճակից՝ Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Ատլետիկոյից» կրած պարտությունից (1-2) հետո։
Հանդիպումը կայացել էր Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում, իսկ գլխավոր մրցավարի պարտականությունները կատարել էր Միգել Անխել Օրտիս Արիասը։
Ըստ աղբյուրի՝ խաղից հետո «արքայական» ակումբի հանդերձարանում բավականին կոշտ հայտարարություններ են հնչել։ Ֆուտբոլիստները, մասնավորապես, ասել են. «Մեզ պարզապես սպանեցին։ Խաղը վարում էր վախկոտը»։
Զգուշանալով, որ խաղացողների էմոցիոնալ ու կոշտ հայտարարությունները կարող են հանգեցնել կարգապահական խիստ տույժերի՝ «Ռեալի» ղեկավարությունն արգելել է նրանց հանդիպումից հետո շփվել լրագրողների հետ։
Նշենք, որ ավելի վաղ Միգել Անխել Օրտիս Արիասի մրցավարությունը խիստ քննադատության էր ենթարկել «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։
Հետխաղյա մամուլի ասուլիսին նա ներկայացել էր մադրիդյան դերբիի վիճահարույց դրվագների տպագրված կադրերով՝ այդ կերպ իր դժգոհությունը հայտնելով մրցավարական անձնակազմի աշխատանքից։
























































