«Ռեալ Մադրիդի» պաշտոնական հեռուստաալիքը կոշտ քննադատության է ենթարկել գլխավոր մրցավար Միգել Անխել Օրտիս Արիասին, ով սպասարկել է Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ կայացած մադրիդյան դերբին (1:2):
Ակումբային հեռուստաալիքի եթերում արդարադատության պատասխանատուին մեղադրել են անպատասխանատվության մեջ՝ նշելով, որ նրա վիճահարույց որոշումներից ամենաշատը շահում է Մադրիդի գլխավոր մրցակիցը՝ կատալոնական «Բարսելոնան»։
«Վալվերդեին հեռացրին նախորդ մրցաշրջանի դրվագի համար, որը շատ ավելի պակաս լուրջ էր, քան այն, ինչ մենք տեսանք այսօր։ Օրտիս Արիասը կա՛մ միտումնավոր է սխալվում, կա՛մ նա պարզապես վախկոտ է, ով զուրկ է ազնվությունից և պրոֆեսիոնալիզմից»,- նշվել է հեռուստաալիքի եթերում։
Անդրադառնալով կոնկրետ դրվագներին՝ ակումբային ալիքի փորձագետները հավելել են.
«Հոյսենի հետ դրվագում որոշումը ճիշտ էր, բայց մենք չգիտենք՝ արդյոք սպորտային արդարությունը կթողնե՞ր «Ատլետիկոյին» ինը հոգով դեռ առաջին խաղակեսում։ «Բետիսի» հետ խաղում 11-մետրանոցը պետք է վերախաղարկվեր։ Էլչեում Օսորիոն պետք է հեռացվեր։ Իսկ այսօր, 11-ը 9-ի դեմ խաղում պատկերը բոլորովին այլ կլիներ։ Պետք է խստորեն դատապարտել ԶԼՄ-ների լռությունը այն ամենի շուրջ, ինչի միջով հիմա անցնում է «Ռեալը»։
Real Madrid TV-ն նաև կասկածի տակ է դրել մրցավարի որակավորումն ու նշանակման նպատակահարմարությունը նման կարևորագույն հանդիպմանը.
«Եթե 41 տարեկանում Օրտիս Արիասը բավարար որակավորում չունի միջազգային հանդիպումներ սպասարկելու համար, ինչո՞ւ են նրան նշանակում դերբիի։ Եթե խնդիրը նրա մակարդակն ու փորձը չեն, ապա, հնարավոր է, պատճառը «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հանդեպ նրա համակրանքն է, ինչն ակնհայտ էր դեռևս «Ատլետիկի» դեմ խաղում։ Այս ամենում «Ատլետիկոն» ընդամենը երկրորդական շահառու է, իսկ գլխավոր շահառուն «Բարսելոնան» է»,- եզրափակել են ակումբային հեռուստաալիքի եթերում։
























































