Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես բացել է իր նոր մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց մարզաբազայում՝ ծանոթանալով իրականացված խոշորամասշտաբ ենթակառուցվածքային աշխատանքներին և երևանյան ակումբի զարգացման հետագա ծրագրերին։
Ամիսների հետևողական աշխատանքի արդյունքում վերակառուցված այս կենտրոնն ի զորու է ընդունել մինչև 1500 երեխայի և պատանու՝ հնարավորություն տալով նրանց մարզվել և կատարելագործել իրենց ֆուտբոլային հմտությունները արդիական պայմաններում։ Նախագծի շրջանակում ամբողջությամբ վերափոխվել են շենքի ներքին տարածքները, իրականացվել են ամրացման և սեյսմակայունության բարձրացման լուրջ աշխատանքներ։ Կենտրոնում արդեն իսկ կահավորվել է 15 ժամանակակից հանդերձարան, ստեղծվել են ուսումնական և վերլուծական հատուկ կենտրոն, մրցավարների սենյակներ, ընդարձակ սպասասրահ, ինչպես նաև մարզումների ու կրթական գործունեության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։
Նորաբաց մարզաբազայում են մարզվելու «Նոայի» մանկապատանեկան վճարովի և անվճար խմբերում ընդգրկված բոլոր երեխաներն ու պատանիները, ինչպես նաև ակումբի երկրորդ թիմը։
Ակումբի ղեկավարության գլխավոր նպատակն է սերունդների համար ստեղծել լավագույն հնարավորությունները՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ճանապարհն անցնելու և մեծ հաջողությունների հասնելու հենց Հայաստանում։




























































