Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում կայանալիք Մադրիդյան դերբիից առաջ կիսվել է իր սպասելիքներով՝ գնահատելով «Ատլետիկոյի» հեռանկարներն ու անդրադառնալով հանդիպման գլխավոր մրցավարին։
«Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայանալիք սկզբունքային դիմակայությանն ընդառաջ պորտուգալացի մասնագետը բարձր է գնահատել Դիեգո Սիմեոնեի կատարած աշխատանքը․
«Չեմ ցանկանում համեմատել թիմերի կազմերը։ Մի՛ խնդրեք ինձ համեմատել Օբլակին ու Կուրտուային։ Ես այլ բանի մասին եմ խոսում. ուժեղ կազմ՝ բազմաթիվ տարբերակներով, հիանալի մարզիչ, որն ընտրում է այն ֆուտբոլիստներին, որոնք մարմնավորում են իր խաղաոճը, իր ԴՆԹ-ն։ Սա երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Նայելով այս թիմին՝ հավատում եմ, որ մրցաշրջանի վերջում նրանք պայքարելու են չեմպիոնության համար»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Խոսելով հանդիպման գլխավոր արբիտր Միգել Անխել Օրտիս Արիասի նշանակման մասին՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչն ընդգծել է, որ լիովին վստահում է նրան․
«Դեռ մեկ շաբաթ առաջ գիտեինք, թե ով է սպասարկելու այս հանդիպումը։ Գերադասում եմ մտածել, որ եթե նրան նշանակել են, ուրեմն ունի բավարար որակավորում և փորձ՝ նման էմոցիոնալ ֆոն ունեցող խաղի համար։ Չեմ սիրում խոսել մրցավարների մասին հանդիպումից առաջ։ Դրանից հետո՝ կտեսնենք։ Բայց մինչև խաղը նա վայելում է իմ լիակատար վստահությունը»։
Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Ռեալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին։ Իսպանիայի առաջնության մեկնարկային 6 տուրերից հետո «Ռեալը» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ատլետիկոն» 13 միավորով չորրորդն է։

























































