«Բարսելոնայի» տնային մարզադաշտը՝ վերակառուցվող «Կամպ Նոուն», կընդունի Չեմպիոնների լիգայի 2028/29 մրցաշրջանի եզրափակիչը։
ՈւԵՖԱ-ի այս որոշումը խորհրդանշական է, քանի որ այն տեղի կունենա կատալոնական մարզադաշտում կայացած վերջին եզրափակիչից ուղիղ 30 տարի անց։ Մինչ այդ՝ 2027/28 մրցաշրջանի գլխավոր հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալյանց Արենայում»։
Թեև լայնամասշտաբ շինարարական աշխատանքների պատճառով «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում ևս ստիպված կլինի խաղալ «Մոնտժուիկում», ՈւԵՖԱ-ում վստահ են՝ 2029 թվականի հունիսին «Կամպ Նոուն» իդեալական պատրաստ կլինի ընդունելու մայրցամաքի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը: Ակումբը դեռ մոտ երեք տարի ունի նախապատրաստվելու համար, իսկ քվեարկության արդյունքում Բարսելոնան առաջ է անցել Լոնդոնի «Ուեմբլիից»:
Վերակառուցումից հետո նորացված «Կամպ Նոուն» կտեղավորի 105 հազար հանդիսականի՝ դառնալով աշխարհի լավագույն և ամենաժամանակակից մարզադաշտերից մեկը, ինչն էլ վճռորոշ դեր է խաղացել ՈւԵՖԱ-ի որոշման մեջ։
Բացի այդ, այս նշանակումն արդյունք է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև հարաբերությունների ջերմացման, որը սկիզբ առավ մեկ տարի առաջ։ Նախկինում «Կամպ Նոուն» ՉԼ եզրափակիչներ հյուրընկալել է երկու անգամ՝ 1989 և 1999 թվականներին:
ՈւԵՖԱ-ն հրապարակել է նաև եվրագավաթային մյուս մրցաշարերի առաջիկա եզրափակիչների անցկացման վայրերը.
ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա
- 2028: Մյունխենի մարզադաշտ (Գերմանիա)
- 2029: «Կամպ Նոու», Բարսելոնա (Իսպանիա)
Կանանց Չեմպիոնների լիգա
- 2028: Լիոնի Օլիմպիական զբոսայգի (Ֆրանսիա)
- 2029: Ուելսի ազգային մարզադաշտ, Քարդիֆ (Ուելս)
Եվրոպա լիգա
- 2028: Ազգային մարզադաշտ, Բուխարեստ (Ռումինիա)
- 2029: Սերբիայի ազգային մարզադաշտ, Բելգրադ (Սերբիա)
Կոնֆերենցիաների լիգա
- 2028: «Յուվենտուսի» մարզադաշտ, Թուրին (Իտալիա)
- 2029: «Պուշկաշ Արենա», Բուդապեշտ (Հունգարիա)
ՈւԵՖԱ Սուպերգավաթ
- 2027: «Յոհան Կրոյֆ Արենա», Ամստերդամ (Նիդերլանդներ)
- 2028: «Աստանա Արենա», Աստանա (Ղազախստան)
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա
- 2027: «Բիլ/Բիեն Արենա» (Շվեյցարիա)



























































