Փարիզի դատարանը վերջնական վճիռ է կայացրել 2023 թվականին ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի և նրա կնոջ՝ Ալեսիա Էլեֆանտեի բնակարան ներխուժած ավազակախմբի գործով։
Դատական նիստի ընթացքում բացահայտվել են աղմկահարույց հարձակման նոր և սարսափազդու մանրամասներ։
Դեպքը տեղի էր ունեցել 2023 թվականի հուլիսի 21-ի գիշերը։ Չորս դիմակավորված անձինք տանիքից մուտք էին գործել զույգի՝ Փարիզի հեղինակավոր Avenue Montaigne-ում գտնվող բնակարան։ Հանցագործները կապել էին Դոնարումային ու նրա կնոջը, դարպասապահին դաժանաբար ծեծի էին ենթարկել մետաղական կաստետով և սպառնացել դանակով։
Ամենացնցող դրվագը, որի մասին Էլեֆանտեն բարձրաձայնել է դատարանում, վերաբերում է իր հղիությանը։ Նա հարձակվողներին աղերսել է խնայել իրեն՝ հայտնելով, որ երեխայի է սպասում, սակայն վերջիններս անտեսել են դա։ Նրանք շարունակել են քաշել կնոջ մազերից ու հարվածել՝ պահանջելով չհրկիզվող պահարանի գաղտնաբառը։
Դատարանի նյութերի համաձայն՝ հարձակման պատճառած ծանր ֆիզիկական ու հոգեբանական տրավմայի հետևանքով Էլեֆանտեն կորցրել է երեխային։
Բարեբախտաբար, ամիսներ անց զույգին հաջողվել է հաղթահարել ողբերգությունը. 2024 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց որդին՝ Լեոն։
Այդ գիշեր ավազակները տարել են մոտ 1 միլիոն եվրո արժողությամբ գույք՝ կանխիկ գումար, թանկարժեք ժամացույցներ, զարդեր և բրենդային պայուսակներ։
Դատարանի որոշմամբ՝ հարձակման կազմակերպման համար գլխավոր մեղադրյալ Իլյաս Խերբուշը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և տուգանվել 80,000 եվրոյով (դատախազությունը պահանջում էր 10 տարի)։ Երկրորդ մեղադրյալը՝ Մոկտար Դ.-ն, ստացել է 5 տարվա ազատազրկում, որից երկուսը՝ պայմանական։ Գործով անցնող երրորդ անձը՝ Խյան Մ.-ն, դատարանի կողմից արդարացվել է։
Այսպիսով, երեք տարի առաջ տեղի ունեցած դաժան կողոպուտի գործը ստացել է իր վերջնական դատական հանգուցալուծումը։



























































