Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան կշարունակի Իսպանիայում։
Իսպանական «Սեուտան» պաշտոնապես հայտարարել է հունգարական «Ֆերենցվարոշից» հայ ֆուտբոլիստին վարձակալական հիմունքներով ձեռք բերելու մասին։ Համաձայնագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Նոր ակումբի մամուլի ծառայությունը 25-ամյա Սևիկյանին բնութագրել է որպես ընդգծված հարձակողական պրոֆիլով ֆուտբոլիստի, որը արդյունավետ է գործում և՛ որպես աջ եզրային, և՛ որպես ենթահարձակվող։ Առանձնահատուկ շեշտվել են նրա գերազանց հարվածները հատկապես միջին ու հեռու տարածություններից, ինչպես նաև խաղը կարդալու ունակությունն ու գծերի արանքում սրող փոխանցումներ կատարելու հմտությունը։
Իսպանական ֆուտբոլը Սևիկյանին քաջածանոթ է. նա ձևավորվել է «Լևանտեի» երիտասարդական ակադեմիայում՝ նախքան կարիերան այլ առաջնություններում, այդ թվում՝ Հունգարիայում շարունակելը։ Ակումբն ընդգծել է նաև նրա միջազգային ու եվրագավաթային հարուստ փորձը, որը մեծապես կօգնի թիմին մրցաշրջանի մնացած հատվածում և կնպաստի առաջադրված նպատակների իրագործմանը։
Հիշեցնենք, որ իսպանական ֆուտբոլային հարթակում, մասնավորապես Լա Լիգա 2-ում, հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հրանտ-Լեոն Ռանոսը, որը պաշտպանում է «Տեներիֆեի» գույները։




























































