UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը չի հավատում Չարլզ Օլիվեյրայի՝ ռևանշ-մենամարտից հրաժարվելու պաշտոնական պատճառին։ Նրանց մենամարտը պետք է կայանար սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անցկացվելիք UFC 331 մրցաշարում, սակայն Օլիվեյրայի փոխարեն հայ մարտիկը կմրցի մեկ այլ բրազիլացու՝ դասակարգման 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Մաուրիսիո Ռուֆիի հետ։
«Ես պետք է մենամարտեի Չարլզի հետ երկրորդ գլխավոր իրադարձության (co-main event) շրջանակում՝ հինգ ռաունդով։ Մեկնեցի ուսումնամարզական հավաքի, և երկու շաբաթ անց, երբ սարերում էի, ինձ զանգահարեցին ու ասացին. «Քեզ համար նոր մրցակից ունենք՝ Մաուրիսիո Ռուֆին»։ Ես պատասխանեցի՝ «լավ, խնդիր չկա», քանի որ չէի ցանկանում հրաժարվել և սպասել Չարլզի հետ ռևանշին։ Ի վերջո, սա Լոս Անջելեսն է, մենամարտը հինգ ռաունդանոց է։ Սա մեծ մրցաշար է, վաղուց չէի մենամարտել, և ինձ պետք էր այս մենամարտը»,- Արիել Հելվանիին տված հարցազրույցում նշել է հայ մարտիկը։
Խոսելով Օլիվեյրայի որոշման մասին՝ Ծառուկյանը հավելել է.
«Ինչ վերաբերում է Չարլզին, ապա մահացել է նրա ընկերը, և նա իբր չի կարողանում մարզվել, բայց երեք-չորս օր անց արդեն ուղիղ եթերներ է անցկացնում, վերադառնում է ճամբար, և, ամենայն հավանականությամբ, նրանք արդեն պայմանավորվել են Դիեգո Լոպեսի հետ մենամարտի շուրջ։ Ես դա չեմ հասկանում։ Կարծես՝ նա ուղղակի մենամարտից հրաժարվելու պատրվակ էր փնտրում և գտավ այն։ Չգիտեմ, բոլոր մարդիկ տարբեր են։ Իհարկե, շատ դժվար է հարազատ մարդ կորցնելը, բայց դու կարող էիր հաղթել ինձ ու այդ հաղթանակը նվիրել քո ընկերոջը։ Բայց, իհարկե, եթե նա ստիպված է եղել ընտրություն կատարել իմ և Դիեգո Լոպեսի միջև, միանշանակ նրա ընտրությունը պետք է կանգ առներ Լոպեսի վրա»։
Նշենք, որ ավելի վաղ բրազիլացի մարզական մեկնաբան Լեո Գիմարաեշը հայտնել էր, որ Չարլզ Օլիվեյրայի և Դիեգո Լոպեսի մենամարտը մշակման փուլում է և կարող է կայանալ ընթացիկ տարվա նոյեմբերին՝ Նյու Յորքում անցկացվելիք համարակալված մրցաշարի ժամանակ։


























































