Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովել է առնվազն արծաթ և նվաճել իր առաջին մեդալը:
71 կգ քաշային Ջանես Նազարյանը շարունակում է իր անկասելի հաղթարշավը և դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 8:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ բուլղարացի մրցակցի նկատմամբ և վաղը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Հատկանշական է, որ Նազարյանն այս առաջնությունում անցկացրած 5 գոտեմարտերում հաղթել է ընդհանուր 34:0 հաշվով՝ մրցակիցներին թույլ չտալով վաստակել գեթ մեկ միավոր:
Մրցումային օրը հաջող էր նաև 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանի համար, որը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում ժամանակից շուտ առավելության հասավ հունգարացի մրցակցի նկատմամբ և կկանգնի պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Սա Հայաստանի հավաքականի առաջին մեդալն է ընթացիկ ստուգատեսում:



























































