Կատալոնական «Բարսելոնան» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմիի տրանսֆերն իրականացնելուն։ Ակումբն արդեն պաշտոնական առաջարկ է արել գերմանական կողմին և այժմ բանակցությունների մեջ է՝ հույս ունենալով առաջիկայում վերջնականապես ձևակերպել գործարքը։
Հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ կատալոնացիներն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը 24-ամյա գերմանացու հետ. այն նախատեսված կլինի մինչև 2031 թվականը։ Նշվում է, որ Ադեյեմին այս ամառ ցանկանում է տեղափոխվել բացառապես «Բարսելոնա»։ Ֆուտբոլիստը մերժել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից ստացած մի քանի առաջարկներ՝ նախապատվությունը տալով «կապտանռնագույններին»։
Վինգերի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, որը ցանկանում է նրան տեսնել իր գլխավորած թիմում։
Կարիմ Ադեյեմիի գործող պայմանագրի ժամկետը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
Ավարտված մրցաշրջանում գերմանացի վինգերը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։

























































