Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը շարունակում է փայլել ԱԱ-2026-ում՝ գրանցելով տպավորիչ ու պատմական ցուցանիշներ։
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի սենսացիոն խաղում (2:1), որտեղ նորվեգացիները պայքարից դուրս թողեցին Բրազիլիային, Հալանդը դարձավ դուբլի հեղինակ՝ 90-րդ րոպեին խփելով հաղթական և վճռորոշ գոլը։ Այս հանդիպումից հետո Opta վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է նորվեգացի ռմբարկուի գրանցած անհավանական ռեկորդները։
Հալանդը կրկնել է Աշխարհի առաջնություններում նորամուտը նշող ֆուտբոլիստների՝ 52 տարվա վաղեմության ռեկորդը: Ընթացիկ մրցաշարում խփած 7 գոլով նա հավասարվել է լեհ Գժեգոժ Լյատոյին, ով նման ցուցանիշ գրանցել էր հեռավոր 1974 թվականի Աշխարհի առաջնությունում:
Էրլինգն առաջին ֆուտբոլիստն է 1970 թվականից ի վեր, ով Աշխարհի առաջնության իր անցկացրած առաջին 4 խաղերում դառնում է 7 գոլի հեղինակ: Վերջին անգամ նման տպավորիչ արդյունք գրանցել էր լեգենդար գերմանացի Գերդ Մյուլերը (8 գոլ)՝ ուղիղ 56 տարի առաջ։
Հալանդը 1998 թվականից ի վեր առաջին եվրոպացին է, ով աչքի է ընկնում Աշխարհի առաջնության իր առաջին չորս խաղերից յուրաքանչյուրում։ Նախկինում դա հաջողվել էր միայն իտալացի հարձակվող Քրիստիան Վիերիին:
Բրազիլացիների դարպասն ուղարկած երկու գնդակների շնորհիվ Հալանդը երկարաձգեց իր ֆանտաստիկ գոլային շարքը ազգային թիմի պաշտոնական խաղերում։ Նորվեգացին դարձել է 27 գոլի հեղինակ վերջին 14 անընդմեջ հանդիպումներում։
Այս շարքը մեկնարկել է դեռևս 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում Սլովենիայի դեմ կայացած խաղով (4:1): Այդ ժամանակից ի վեր Հալանդը հաջորդաբար գրավել է հետևյալ հավաքականների դարպասները.
- Ղազախստան (3 գոլ)
- Մոլդովա (6 գոլ)
- Իսրայել (4 գոլ)
- Իտալիա (3 գոլ)
- Էստոնիա (3 գոլ)
- Իրաք (2 գոլ)
- Սենեգալ (2 գոլ)
- Կոտ դ’Իվուար (1 գոլ)
- Բրազիլիա (2 գոլ)
Նշենք, որ ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուների ցուցակը վստահորեն գլխավորող Հալանդը (7 գոլ) հաջորդ հանդիպումը կանցկացնի քառորդ եզրափակիչում, որտեղ Նորվեգիայի հավաքականը ուժերը կչափի Անգլիայի ընտրանու հետ։
























































