Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն սկսել է կասկածել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատանքի արդյունավետությանը։
Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է պորտուգալացի մասնագետին ժամանակ տալ մինչև Սուրբ ծնունդ, որպեսզի վերջինս շտկի ստեղծված իրավիճակն ու բարելավի թիմի գրանցած արդյունքները։ Եթե Մոուրինյուին չհաջողվի ապահովել անհրաժեշտ առաջընթացը, ակումբի ղեկավարությունը պատրաստ կլինի պաշտոնանկ անել նրան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մադրիդյան դերբիում «Ատլետիկոյից» կրած պարտությունից (1-2) հետո, Մոուրինյուն խիստ քննադատության էր ենթարկել մրցավարների աշխատանքը։ Խաղից հետո պորտուգալացի մասնագետը մատնանշել էր այն դրվագները, որտեղ, իր կարծիքով, «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները պետք է հեռացվեին խաղադաշտից։


























































