Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, ինչպես նաև նրա մայրն ու գործակալ Ֆայզա Լամարին ցուցմունք են տվել կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
Հետաքննությունը կապված է Ֆրանսիայի հավաքականի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Մոհամեդ Սանհաջիի գործունեության հետ։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ֆուտբոլիստը հարցաքննվել է սեպտեմբերի 30-ին, իսկ նրա մայրը՝ հոկտեմբերի 9-ին։ Լամարին, մասնավորապես, կասկածվում է չորս վիզա ստանալու հարցում Սանհաջիից օգնություն խնդրելու մեջ։ Հարցաքննության արդյունքում նրան շնորհվել է պաշտպանության իրավունքով վկայի կարգավիճակ. սա նշանակում է, որ քննությունն ունի կասկածներ նրա ներգրավվածության վերաբերյալ, սակայն պաշտոնական մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցներ դեռևս չկան։
Ինչ վերաբերում է Կիլիան Մբապեին, ապա քննիչներն ուսումնասիրում են ֆուտբոլիստի կողմից Սանհաջիին կատարված 60 300 եվրոյի չափով փոխանցումը, որը հատկացվել է ԱԱ-2022-ի պարգևավճարներից։ Այդ գործարքից մեկ ամիս անց անվտանգության նախկին ղեկավարն ուղեկցել է հարձակվողին Կամերուն կատարած ուղևորության ժամանակ, որտեղ ֆուտբոլիստն այցելել էր բարեկամներին: Իրավապահներն այժմ փորձում են պարզել այս իրադարձությունների հնարավոր կապը։
Հիշեցնենք, որ բուն Մոհամեդ Սանհաջիին դեռևս սեպտեմբերի 16-ին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, ազդեցության չարաշահման, խարդախության և փողերի լվացման կասկածանքով։


























































