Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին կկանգնի դատարանի առջև անչափահասի վրա իր շներից մեկի հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի քրեական դատարանը գործի քննության մեկնարկը նշանակել է դեկտեմբերի 21-ին։ Ֆուտբոլիստը մեղադրվում է մարմնական վնասվածք հասցնելու հետ կապված իրավախախտման մեջ։
Մասնավորապես, Մենդիին պատկանող շներից մեկը կծել է 17-ամյա դեռահասի ոտքը, ինչպես նաև հարձակվել երկու այլ շների վրա։ Վերջիններիսից մեկին՝ ստացած ծանր վնասվածքների պատճառով, հետագայում ստիպված են եղել քնեցնել։
Նշվում է, որ դատախազությունը պահանջում է «արքայական» ակումբի խաղացողին տուգանել 1200 եվրոյով, ինչպես նաև պարտավորեցնել նրան տուժած կողմին վճարել 5700 եվրոյի չափով փոխհատուցում։
Հավելենք, որ բուն միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2023 թվականի հունվարի 4-ին, երբ Մենդիի չորս շները, մնալով առանց հսկողության, դուրս են եկել նրա առանձնատան տարածքից։
























































