Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհուրդը դիտարկում է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը։
Պատճառը Տեբասի վերջին աղմկահարույց հայտարարությունն է, որով նա Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաալիքի գործունեությունը համեմատել էր նացիստական Գերմանիայում կիրառված քարոզչական մեթոդների հետ։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ղեկավարի այս խոսքերից հետո «Արքայական ակումբը» հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով պաշտոնյայի կողմից նման համեմատությունների անթույլատրելիությունը։ Մադրիդյան գրանդը մասնավորապես շեշտել էր, որ «նույնիսկ այն հստակեցումը, թե խոսքը նացիստական գաղափարախոսության մասին չէ, չի մեղմում այդ հայտարարության խորապես վիրավորական, բարոյապես զզվելի և ինստիտուցիոնալ առումով անվայել բնույթը»։
























































