Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ԱԱ-2026-ի շրջանակում Հայիթիի դեմ կայանալիք խաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է երիտասարդ հարձակվող Էնդրիկի խաղաժամանակին՝ ընդգծելով, որ նա չափազանց կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար։
«Ես տեսնում եմ բոլոր մեկնաբանությունները: Սա առաջին խաղն էր Աշխարհի առաջնությունում, մրցակցությունը մեծ է, և դա միանգամայն նորմալ է։ Էնդրիկը չընդգրկվեց մեկնարկային կազմում… Բայց մենք ունենք ևս 15 ֆուտբոլիստ, որոնք նույնպես չխաղացին։
Մենք պետք է համբերատար լինենք Էնդրիկի պարագայում։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, և Բրազիլիան դեռ երկար կվայելի նրա վարպետությունը։ Պետք է սպասել և նրան օգտագործել ճիշտ ժամանակին: Նա կարևոր նշանակություն կունենա հավաքականի համար»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլի երկրորդ տուրի Բրազիլիա – Հայիթի հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հունիսի 20-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 04:30-ին։



























































