Խորվաթիայի ազգային հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլը երկարաձգել է գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է հայտնի մարզական լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն ստորագրել են նոր աշխատանքային համաձայնագիրը, որի ժամկետը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։ Նշվում է, որ անգլիական ակումբում խորվաթին դիտարկում են որպես թիմի առանցքային և անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկի։
Հիշեցնենք, որ Գվարդիոլը «քաղաքայինների» շարքերը համալրել է 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում պաշտպանը հասցրել է մասնակցել անգլիական թիմի 122 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 70 միլիոն եվրո։
























































