Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակի Ժոզե Մոուրինյուին։
79-ամյա ֆունկցիոների նախընտրական շտաբը X սոցիալական ցանցում հատուկ տեսանյութ է հրապարակել։ Հոլովակում պորտուգալացի անվանի մասնագետը կրում է մադրիդյան ակումբի համազգեստը և հստակ ասում է՝ «Այո՛», որից հետո հնչում է Պերեսի օգտին քվեարկելու կոչ։
Այս քայլը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նախորդ մրցաշրջանի անհաջողություններով, որի արդյունքում «արքայական ակումբը» ոչ մի տիտղոս չնվաճեց։
Հիշեցնենք, որ «Ռեալի» նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Պերեսի գլխավոր և միակ մրցակիցն այս պաշտոնում գործարար Էնրիկե Ռիկելմեն է։
Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալը» գլխավորել է նաև 2010-ից 2013 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
Մադրիդից հեռանալուց հետո պորտուգալացին աշխատել է «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Տոտենհեմում», «Ռոմայում» և «Ֆեներբահչեում», իսկ 2025 թվականին ստանձնել է Լիսաբոնի «Բենֆիկայի» ղեկը։
/i/l/q/1780518790939374257.png)
























































