Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին, մարզչական կարիերան կշարունակի Ֆրանսիայում։
«Լիլը» պաշտոնապես հայտարարել է 36-ամյա մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Նախկինում Դավիդե Անչելոտին երկար ժամանակ ընդգրկված է եղել հոր մարզչական շտաբում։ Որպես անկախ գլխավոր մարզիչ՝ նա աշխատելու փորձ ունի միայն բրազիլական «Բոտաֆոգոյում», որը ղեկավարել է 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Լիլը» գրավել է երրորդ հորիզոնականը՝ ուղղակիորեն նվաճելով Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։ Չնայած այս արդյունքին՝ օրեր առաջ ակումբը որոշեց հեռացնել նախկին գլխավոր մարզիչ Բրունո Ժենեզիոյին, որը թիմի հետ աշխատել էր վերջին երկու մրցաշրջաններում։




























































