Համացանցում տարածվել է տեսանյութ Անգլիայի հավաքականի նախկին վինգեր Ռահիմ Ստերլինգի մասնակցությամբ, որն արվել է ավտովթարից անմիջապես առաջ. միջադեպից հետո հայտնի ֆուտբոլիստը ձերբակալվել է ոստիկանության կողմից։
Հրապարակված կադրերում երևում է Lamborghini մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է ֆուտբոլիստին։ Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է M3 մայրուղու վրա տեղի ունեցած վթարից հաշված րոպեներ առաջ։
Ավելի վաղ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել առ այն, որ մայիսի 30-ին՝ առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, Lamborghini-ն բախվել է մայրուղու հարավային հատվածում գտնվող արգելապատնեշին։ Բարեբախտաբար, վթարի հետևանքով այլ տրանսպորտային միջոցներ չեն վնասվել, իսկ տուժածներ չկան։
Այնուամենայնիվ, մեքենայի վարորդը՝ Բերքշիրի 31-ամյա բնակիչը, ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու, վտանգավոր վարքագծի, արգելված նյութեր պահելու և բժշկական փորձաքննությունից հրաժարվելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել գրավի դիմաց, սակայն հետաքննությունը շարունակվում է։
Բրիտանական հեղինակավոր The Sun պարբերականի տվյալներով՝ ձերբակալված անձը հենց Ռահիմ Ստերլինգն է։ Պարբերականը մեջբերում է նաև ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը, ըստ որի՝ վերջին տարիներին խաղացողը բախվել է հոգեբանական լուրջ և շարունակական ճնշումների։
Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանում Ստերլինգը վարձավճարով հանդես էր գալիս նիդերլանդական «Ֆեյենորդում», որտեղ անցկացրած 8 հանդիպումներում այդպես էլ աչքի չէր ընկել արդյունավետ գործողություններով։




























































