Մադրիդի «Ռեալի» շուրջ կրքերը չեն հանդարտվում. Իսպանիայի ֆուտբոլային մրցավարների ասոցիացիան (AESAF) պաշտոնական բողոք է ներկայացրել «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և ակումբային RMTV հեռուստաալիքի դեմ։
Ինչպես տեղեկացնում են իսպանական առաջատար պարբերականները (Marca, AS), AESAF-ը դեռևս անցյալ շաբաթ դիմել էր Մրցումների հարցերով կոմիտե՝ խնդրելով կարգապահական գործ հարուցել Պերեսի դեմ, իսկ արդեն հինգշաբթի՝ մայիսի 21-ին, բողոք է ներկայացրել նաև Բռնության դեմ պայքարի հանձնաժողով։
Իր տարածած պաշտոնական հայտարարության մեջ ասոցիացիան նշում է, որ այս քայլին է դիմել իսպանացի մրցավարների արժանապատվությունն ու ազնվությունը պաշտպանելու համար.
«Ասոցիացիան գտնում է, որ որոշակի հրապարակային հայտարարությունների կրկնությունը, ինչպես նաև այնպիսի բովանդակության շարունակական տարածումը, որով ակումբը համակարգված կերպով կասկածի տակ է դնում կամ վարկաբեկում է մրցավարական կորպուսին, նպաստում են դրա նկատմամբ հարգանքի նվազմանը։ Այդ հարգանքն անհրաժեշտ է սպորտային գործունեության բնականոն զարգացման համար, իսկ դրա բացակայությունը կարող է հանգեցնել մրցավարների հանդեպ լարվածության, թշնամանքի կամ նույնիսկ բռնության առաջացմանը»։
Հիշեցնենք, որ այս կոշտ արձագանքի պատճառ են դարձել Ֆլորենտինո Պերեսի աղմկահարույց հայտարարություններն իսպանական մրցավարության մեջ առկա կոռուպցիայի մասին։ «Ռեալի» նախագահը մասնավորապես նշել էր, որ իրենց ակումբը կարող էր ևս 14 չեմպիոնական տիտղոս նվաճել, սակայն դրանք պարզապես «գողացվել են»։
Կանխակալ մրցավարության մասին Պերեսի այս ակնարկներին զուգահեռ՝ «սերուցքայինների» ակումբային հեռուստաալիքը (RMTV) պարբերաբար թողարկում էր հատուկ սյուժեներ, որոնցում անձնապես թիրախավորում, քննադատում և ճնշման տակ էր պահում Լա լիգայի մրցավարների մեծ մասին։
























































