Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ երկխաղյա դիմակայության արդյունքում կրած պարտության և մրցաշարից դուրս մնալու մասին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր փարիզցիների հաղթանակով՝ 5:4 հաշվով, իսկ պատասխան խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1։
«Կարծում եմ՝ հարձակման գծում մեզ չէր հերիքում «մարդասպանի բնազդը», բայց, ի վերջո, մենք խաղը շահելու հնարավորություններ ունեինք։ Մենք այնքան էլ շատ հստակ պահեր չունեինք, բայց երբ դրանք ստեղծվում են… նայեք ՊՍԺ-ին՝ նրանք պարզապես մարդասպաններ էին, որոնք առաջին խաղում հինգ գոլ խփեցին։ Դա հենց այն էր, ինչ մեզ պետք էր այսօր։ Կարծում եմ՝ տեսաք, որ մենք մոտ էինք եզրափակիչ դուրս գալուն, բայց չկարողացանք գործն ավարտին հասցնել։
Մենք արժանիորեն նվաճեցինք Բունդեսլիգայի տիտղոսը և այժմ անհամբերությամբ սպասում ենք Բեռլինում կայանալիք Գերմանիայի Գավաթի եզրափակչին։ Բայց հենց հիմա մեզ համակել է հիասթափությունը»,- Նոյերի խոսքն է մեջբերում Bayern & Germany-ն՝ հղում անելով DAZN-ին։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որը կկայանա մայիսի 30-ին Բուդապեշտում (Հունգարիա), Լուիս Էնրիկեի սաները կմրցեն Լոնդոնի «Արսենալի» հետ։























































