Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում «Բետիսի» հետ գրանցած ոչ-ոքիից հետո կիսվել է իր տպավորություններով՝ նշելով, որ իր թիմի բախտը չի բերում։
Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Հյուրերը կարողացել են պարտությունից փրկվել՝ հաշիվը հավասարեցնելով մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված րոպեներին։
«Եթե մենք հստակ պատճառ իմանայինք, ապա կշտկեինք այն։ Երբ խաղն այսքան լարված է ընթանում, նման իրավիճակներ կարող են ստեղծվել։ Ակնհայտ է, որ մեր բախտը չի բերում»,- Արբելոայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ այս հանդիպումից հետո «Արքայական ակումբը» վաստակել է 74 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում՝ մայիսի 3-ին, Ալվարո Արբելոայի գլխավորած թիմն արտագնա խաղում կմրցի «Էսպանյոլի» հետ, իսկ «Բետիսը» նույն օրը սեփական հարկի տակ կընդունի «Օվիեդոյին»։
























































