Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է մասնակցել Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF)՝ մրցավարական համակարգի բարեփոխումներին ուղղված նախագծին։
Ինչպես հաղորդում է իսպանական հայտնի AS պարբերականը, «սերուցքայինների» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսն արդեն տեղեկացրել է կազմակերպությանը, որ այլևս չի ներկայանալու այդ հարցով հրավիրվող հանդիպումներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական ակումբում» Լա Լիգան սկսել են համարել անարդար մրցաշար՝ զուտ մրցավարական տեսանկյունից։ Մադրիդցիներն իրենց այս դիրքորոշման մեջ վերջնականապես համոզվել են Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ կայացած խաղից հետո (1:1), երբ Կիլիան Մբապեի նկատմամբ կանոնների խախտման համար ակնհայտ 11-մետրանոց հարված չնշանակվեց։ Ակումբում չեն հասկանում, թե ինչու մրցավարական այդ կոպիտ սխալն այդպես էլ չշտկվեց։
Նշվում է, որ ներկա պահին իսպանական գրանդի և RFEF-ի միջև «լիակատար օտարվածություն է տիրում»։ Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» առաջիկայում մտադիր չէ նորմալացնել հարաբերությունները ֆեդերացիայի հետ։
























































