Մադրիդի «Ռեալի» վնասվածք ստացած դարպասապահ Տիբո Կուրտուայի ապաքինումն ընթանում է նախատեսված գրաֆիկից արագ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Բելգիացի դարպասապահը աջ ազդրի մկանի վնասվածք էր ստացել մարտի 17-ին։ Նախապես սպասվում էր, որ ֆուտբոլիստը շարքից դուրս կմնա մեկուկես ամսով։ Սակայն, ըստ աղբյուրի տեղեկությունների, դարպասապահը մտադիր է լիովին ապաքինվել մինչև ապրիլի վերջ և մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին, եթե «Ռեալն» առանց նրա օգնության կարողանա նվաճել հաջորդ փուլի ուղեգիրը։
Ապրիլի 15-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում արտագնա հանդիպում կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Դիմակայության տնային խաղում մադրիդյան թիմը պարտվել է 1:2 հաշվով։
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում՝ սեփական դարպասն ընդունելով 24 գնդակ։


























































