Իտալական Ա Սերիայում հանդես եկող «Կոմոյի» արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասը կարող է վերադառնալ իսպանական Լա լիգա։
Ինչպես հայտնում է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում, 21-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կդառնա Մադրիդի «Ռեալի» առաջին ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
««Ռեալն» ամբողջությամբ վերահսկում է Նիկո Պասի ապագան՝ դիտարկելով նրան որպես ակումբի երկարաժամկետ նախագծի մաս: Ակնկալվում է, որ նա կդառնա այս ամռան առաջին ձեռքբերումը»,- գրել է Ռոմանոն։
Մադրիդյան ակումբն իր սանին Իտալիա էր տրանսֆերի ենթարկել 2024 թվականին, սակայն պայմանագրում պահպանել էր նրա առաջնային հետգնման իրավունքը։ Աղբյուրի համաձայն՝ այս ամառ այդ գումարը կկազմի 9 միլիոն եվրո, իսկ հաջորդ տարի կհասնի 10 միլիոնի: Բացի այդ, գործարքում առկա է կետ, ըստ որի՝ «արքայական» ակումբը կարող է ստանալ խաղացողի հնարավոր հետագա վաճառքի գումարի 50 տոկոսը:
Հատկանշական է, որ ներկայումս արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է շատ ավելի բարձր՝ շուրջ 65 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Կոմոյի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































