Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Ֆրանսիայի ընտրանու դեմ կայացած ընկերական հանդիպումը, որում բրազիլացիները զիջել են 1-2 հաշվով։
Հանդիպումը կայացել է հինգշաբթի՝ մարտի 26-ին, ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում։ Ֆրանսիացիներին հաղթանակ են պարգևել Կիլիան Մբապեի և Հյուգո Էկիտիկեի գոլերը։ Բրազիլացիների կազմում հաշիվը կրճատել է Բրեմերը։
«Այս խաղում արդյունքն ամենակարևորը չէր, սակայն այն հստակ ցույց տվեց, թե ինչն ենք ճիշտ արել, իսկ ինչը՝ ոչ։ Բնականաբար, մենք չենք ուրախանում, երբ պարտվում ենք։ Կարծում եմ՝ մեր առաջատարներն արժանապատիվ խաղ ցուցադրեցին։ Վինիսիուսը գոլ չխփեց, բայց հարձակվողը պարտավոր չէ ամեն խաղում աչքի ընկնել։ Որևէ կասկած չունեմ, որ մենք կարող ենք հավասարը հավասարի պես մրցակցել աշխարհի լավագույն թիմերի հետ», — իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Ginga Bonito-ն։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում Բրազիլիան ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի հավաքականները։
Ֆրանսիան հանդես կգա I խմբում՝ Սենեգալի և Նորվեգիայի հետ. այս խմբի չորրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա անցումային խաղերի արդյունքներով։




























































