«Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզան հեռացել է Իտալիայի ազգային հավաքականի ճամբարից։ Նրան կփոխարինի «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Նիկոլո Կամբիագին։ Այս մասին հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) պաշտոնական կայքը։
«Ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ժամանելուն պես գնահատվել է Ֆեդերիկո Կյեզայի առողջական վիճակը, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ նա չի կարող մասնակցել առաջիկա երկու հանդիպումներին։ Ակումբի հետ համաձայնեցնելուց հետո ֆուտբոլիստը լքել է ազգային թիմի մարզաբազան։ Նրա փոխարեն հրավիրվել է «Բոլոնիայի» խաղացող Նիկոլո Կամբիագին»,- ասված է FIGC-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Իտալիայի հավաքականն ԱԱ-2026-ի անցումային մրցաշարի (փլեյ-օֆֆ) կիսաեզրափակիչում կմրցի Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ։ Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում «Սկուադրա աձուրան» կխաղա Ուելս – Բոսնիա և Հերցեգովինա զույգի հաղթողի հետ։


























































